Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որով առաջարկվում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափը։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայներով։
«Գործող օրենսդրության համաձայն, նշվախ օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով նախատեսվում է, որ գերության մեջ հայտնվելու դեպքում զինվորական ծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է պաշտոնային դրույքաչափը` մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ, ցավոք սրտի, առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որի զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը։ Պայմանագրային զինծառայողները, պահեստազորի մեր զինվորականները մարտական գործողությունների, զինվորական ծառայության ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն` ապացուցվում է, որ մարտական գործողությունների ընթացքում հայտնվել է գերության մեջ, ոչ թե ինքնական լքել է դիրքը կամ զորամասը, ապա այսուհետ նրանց ընտանիքները, իրենց գերեվարության ընթացքում կշարունակեն ստանալ այն գումարները, որոնք ստանում էին: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է` պահպանել պաշտոնային դրույքաչափն այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:
Պատգամավորի խոսքով օրենսդրական բացի հետևանքով նրանց ընտանիքների կենսագոյության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում, և այս հանգամանքը հակասում է զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությունը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ ՊՆ-ն դեմ չէ նախագծին և առաջարկներ է ներկայացրել։
Պատասխանելով պատգամավորների հարցերին, Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այն հետադարձ ուժ կունենա, ինչի մասին փոփոխությունը կկատրավի մինչև ԱԺ երկրորդ ընթերցումը։
Մանրամասները՝ տեսանյութում