ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության և իր աջակիցներին խնդրեց դադարեցնել գործադիր իշխանության շենքի մոտ կազմակերպված հավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում խոստացավ, որ չի դավաճանի ժողովրդին և անհրաժեշտության դեպքում իր աջակիցներին կհրավիրի Հանրապետության հրապարակ:
«Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետին, նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կոչ էր արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:
Ազատության հրապարակում այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթանում է 16 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը: