Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հայտնում են.
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս Մանկավարժական համալսարանը կրկին զոհեր ունի:
Աժդահակ Կիրակոսյանը սովորում էր ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստ բաժնում: Նա սովորում էր հեռակա ուսուցման համակարգի 4-րդ կուրսում և պատերազմ էր մեկնել կամավոր:
Հարութ Նիկոլյանը ՀՊՄՀ-ի Պատմության ու հասարակագիտության ֆակուլտետի պատմության բաժին էր ընդունվել 2019-ին, բանակ զորակոչվել 1-ին կուրսից:
«Ապագա պատմաբանը բանակում կերտեց մի նոր պատմություն: Հարութը հավատում էր Աստծուն, վերջին հույսը հավատն էր։ Քնում էր, արթնանում Աստվածաշունչը ձեռքին։ Ընկերների կյանքը փրկած տղայի համար ուղղորդման միակ միջոցը հավատն էր առ Աստված։ Ու հավատը սրտում Հարութը պայքարեց, պայքարեց իր, ընկերների ու մեր համար փրկելով կյանքեր»,-www.aspu.am-ի հետ զրույցում նշեց Հարութ Նիկոլյանի քույրը՝ Արուսյակ Նիկոլյանը, որը նույնպես Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի է:
ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Աժդահակ Կիրակոսյանի և Հարութ Նիկոլյանի հարազատներին, զինակիցներին, ընկերներին»: