Նոյեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Քննարկման առանցքում էին նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցեր, ներառյալ՝ ԼՂ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման և իրենց մանդատի արդյունավետ իրականացման հետ կապված խնդիրներ:
Նախարար Մնացականյանն ընդգծեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:
ՌԴ ԱԳ նախարարը իր հերթին իր հայ գործընկերոջը տեղեկացրեց ՌԴ նախագահի նոյեմբերի 13-ի հրամանով ստեղծված հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության պլանների մասին:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության խնդիրներին։
Երկուստեք ընդգծվեց ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ զարգացման գործակալության, Կարմի խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության ծավալումը՝ տեղում արցախահայության կարիքների հասցեագրման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար: