Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ շարունակում են տարաբնույթ միջոցառումները Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ նոյեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Փարաքար գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող երկու տղամարդու։ Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր, սվին- դանակ, բաճկոն ու սաղավարտ, որոնք բերել էին Արցախից։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Դարձյալ նոյեմբերի 11-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Իջևան քաղաքի և Տավուշի մարզի Սևքար գյուղի երկու բնակչի մոտ հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, 7 փամփշտատուփ, ինքնաձիգի փամփուշտներ ու զրահաբաճկոն, որոնք բերել էին Արցախից։
Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ևս Արցախից բերված զինամթերք են հայտնաբերել։ Նրանք Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու մեքենայի ստուգմամբ հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Այս ուղղությամբ իրականացվող տարաբնույթ միջոցառումներն ամենօրյա են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: