Համատարած 3000 դրամ սահմանելը ճիշտ տարբերակ է. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԻՐԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Կառավարությունը քննարկման է ներկայացրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամը 3000 դարձնելու նախագիծ, ու կրկին մոլեգնել է դժգոհության ալիքը: Այս անգամ լսվում են հիմնականում երկու հարցադրում-առաջարկություններ.

1. Ինչու՞ պարտադիր վճարները պրոգրեսիվ չեն դարձվում
2. Ինչու այս ծախսը պետական բյուջեն չի կատարում հարկերի հաշվին:

Համատարած 3000 դրամ սահմանելը ճիշտ տարբերակ է ու ահա թե ինչու.

1. Որևէ առաջարկություն որ ներկայացվում է, պետք է տրվի նաև դրա տնտեսագիտական հաշվարկը:

Նորություն ասած չեմ լինի եթե ասեմ, որ մարդիկ Հայաստանում համատարած թաքցնում են իրենց աշխատավարձը: Շուրջ 630,000 գրանցված աշխատողներից 382,000-ը հայտարարագրել են 150,000 դրամից ցածր աշխատավարձ: Այսինքն, գրանցված աշխատողների 60%-ը ցույց են տալիս, որ իրենք ստանում են 150,000 դրամ: Ավելին, երկու միլիոն դրամից ավել եկամուտ են ստանում Հայաստանում ընդհամենը 2,400 մարդ: Հավատու՞մ եք: Ես չեմ հավատում: Իմ ու այլ գործընկերների փորձագիտական հաշվարկներով Հայաստանում թափանցիկ կերպով իրենց իրական եկամուտները ցույց են տալիս գրանցված աշխատողների շուրջ 10%-ը, իսկ մեծ մասը հայկական դասական «շուստրիությամբ» խափում են մեզ բոլորիս: Ի՞նչ կապ ունեն այս թվերը 1000 դրամի բարձրացման հետ: Կապ ունեն այն առումով, որ ամբոխահաճո մղումներով որքան էլ բարձրացնենք համեմատաբար բարձր աշխատավարձ ստացողներինը ու չբարձրացնենք կամ քիչ բարձրացնենք ցածր աշխատավարձ ստացողներինը, այս պահին հիմնադրամին անհրաժեշտ տարեկան ավելի քան 22 միլիարդ դրամի ստացումը դնում ենք վտանգի տակ:

2. Հայաստանի 30-ամյա փորձը ցույց է տալիս, որ հարկման տարբերակված կամ պրոգրեսիվ մոտեցումը խրախուսում է եկամուտների թաքցնելը: Այս առումով գործող իշխանությունը ճիշտ որոշում կայացրեց, ու ներդրեց ոչ պրոգրեսիվ հարկումը, որի դրական արդյունքները մենք տարեց տարի տեսնելու ենք: Զինծառայողների ապահովագրության համակարգի ամբողջ գեղեցկությունն այն է, որ այն պարզ է, թափանցիկ ու վերահսկելի: Գրանցվա՞ծ ես. ուրեմն վճարիր 1000 դրամ:

Տարբերակված մոտեցումը հանգեցնելու է խարդախությունների, որի հետևանքով վտանգվելու են Հիմնադրամի մուտքերը, այսինքն մեր բոլորի կոլեկտիվ պատասխանատվությունը մեր զինված ուժերի հանդեպ: Տարբերակված մոտեցումը նաև ավելացնում է վճարների հավաքագրման վարչարարության ծախսերը, որոնք մենք բոլորս ենք կրում:

3. Խոսելով պատասխանատվությունից: Ստեղծված համակարգը ապահովագրական համակարգ է:

Այն մաս չի կազմում հարկաբյուջետային քաղաքականության: Այսինքն, մենք բոլորս ապահովագրում ենք մեր սահմաններն ամուր պահող բանակի կյանքն ու առողջությունը` նրանցից ՀԱՎԱՍԱՐ կերպով ստանալով ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Սահմանին կանգնած զինվորը չի մտածում թե ինքը հարուստին է պաշտպանում թե աղքատին: Բարձր աշխատավարձ ստացողին թե ցածր: Երևանում ապրողին թե սահմանամերձ գյուղում: Մենք բոլորս այդ հանրային արժեքը կամ ծառայությունը ստանում ենք հավասարապես ու պետք է վճարենք հավասարապես: Օրինակ, երբ մարդն ԱՊՊԱ կամ առողջության ապահովագրություն է գնում, ապահովագրական ընկերությունը չի հարցնում չէ՞ թե որքան աշխատավարձ է ստանում տվյալ քաղաքացին: Բոլորի համար էլ ապահովագրական ծառայության գինը նույն է: Հիմա էլ մենք հավասար պաշտպանություն ենք ստանում ու դրա համար պետք է վճարենք այդ պաշտպանության գինը:

Այժմ, կարծում եմ, որ զինծառայողների ապահովագրության ու հայրենիքի սահմանների պաշտպանության հարցում այլ օրակարգեր պետք է ձևավորվեն ու գործուն լուծումներ տրվեն: Դրանք են.

1. Տասնյակ հազարավոր քաղաքացիներ Հայաստանում եկամուտներ են ստանում և Հիմնադրամին որևէ վճարում չեն անում` թեև մեր բանակից ստանում են նույն պաշտպանությունը: Այ հենց սա՛ է անարդարությունը: Մենք նրանց բոլորին պետք է պարտադրենք Հիմնադրամին վճարումներ անել: Կա՛ դրա ձևը:
2. Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ ով իրեն հայ է համարում, կարողանում է այդպես անել, քանզի հայոց բանակը ազգ է պահպանում: Սփյուռքի հայրենակիցները սակայն ստացված ազգապահպանման համար չեն վճարում: Այ հենց սա՛ է անարդարությունը: Մենք նրանց բոլորին պետք է պարտադրենք Հիմնադրամին վճարումներ անել: Կա՛ դրա ձևը:

3. Մեր զինվորների հետ ուս-ուսի առաջնագիծ են պահում մեր բժիշկները, փրկարարները, լրագրողները, օպերատորները, մատակարարներն ու այլոք: Նրանք սակայն ապահովագրված չեն: Այ հենց սա՛ է անարդարությունը: Մենք նրանց բոլորին պետք է ապահովագրենք: Կա՛ դրա ձևը:

Եկեք իսկական անարդարությունների դեմ պայքարենք: Երբ ասում ենք #հաղթելուենք, հենց այնպես հեշթեգ չանենք: Այլ այնպես անենք, որ իսկապես հաղթենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել