Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր պատասխանելով «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի մասնակիցների հարցերին մի շարք հայտարարություններ է արել Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Ադրբեջանի և Հայաստանի միջև շահերի հավասարակշռություն գտնելն է:
Պուտինը հիշել է, որ հակամարտությունը սկսվել է էթնիկական բախումներից:
«Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարությունը ոչ մի արդյունավետ միջոց չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հայերը զենք վերցրեցին և դա արեցին իրենք։ Դա բերել է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի յոթ այլ շրջաններ հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ»,- նշել է Պուտինը:
Նա ավելացրեց, որ այժմ Ադրբեջանը պնդում է իր իրավունքը վերադարձնել յոթ շրջաններ, որոնք կապված չեն էթնիկ հակամարտության հետ, և հետագայում զբաղվել Լեռնային Ղարաբաղի սեփականության իրավունքի հարցերով:
«Յուրաքանչյուր ոք ունի իր ճշմարտությունը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը․ «Այստեղ պարզ լուծումներ չկան»:
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը բաց է․ «Մենք ի սկզբանե ելնում էինք այն փաստից, որ պետք է խոսենք հինգ գումարած երկու շրջաններ Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին՝ ղարաբաղյան գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ»։
Երկրի ղեկավարի խոսքով՝ հակամարտությունը պետք է լուծվի այնպես, որ մարդիկ իրենց անվտանգ զգան, բայց միևնույն ժամանակ պայմաններ ստեղծվեն տարածքների արդյունավետ զարգացման համար:
Մի քանի տասնամյակ տեւած հակամարտությունը երկու կողմերի արդյունավետ զարգացման հնարավորություն չի տալիս, հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
«Միևնույն ժամանակ, առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողություններն ու մարդկանց մահը. նստեք բանակցությունների սեղանի շուրջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հիման վրա գտեք կոնսենսուս և շահերի հավասարակշռություն»,-նշել է Պուտինը: