Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք․ ինչ է նշանակում փոխզիջում․ Նիկոլ Փաշինյանը մանրամասնում է

Արդեն լեգենդներ ունենք ռազմի դաշտում, որոնք ի վիճակի են անելու և անում են ամեն ինչ՝ հայ ժողովրդի հաղթանակի համար, բայց նրանց կողքը պետք է կանգնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցն այս փուլում, կամ գոնե այս փուլից սկսած բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ըստ էության։ Եվ այն բոլոր հույսերը, մտածումները, առաջարկները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, ըստ էության պետք է համարենք ավարտված։ Ինչու՞։ Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ինչ է նշանակում փոխզիջում։ Փոխզիջում նշանակում է՝ քո դրած նշաձողից, ազգային դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել՝ հանուն լուծման՝ պայմանով, որ դիմացի կոմն էլ իր առավելագույն նշաձողից պետք է ինչ-որ բան իջեցնի։ Բայց պրակտիկան ցույց է տվել, և դա այլևս իրականություն է, որ այն՝ ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար։ Այսինքն, նրանց ողջ դիվանագիտական ռամզավարությունն ու մարտավարությունը եղել ու շարունակում է մնալ դա։ Ես ուզում եմ այս նրբությունը մենք շատ հստակ արձանագրենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը խոսեց նաև Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ու հարաբերությունների մասին։

«Մեր անելիքը պայքարելն է մինչև վերջ, անմնացորդ, անսասան՝ մեր ժողովրդի իրավունքների համար։ Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, մենք պետք է պայքարենք մեր ժողովրդի իրավունքների համար»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նորից կոչ արեց կամավորագրվել, զենք վերցնել և կռվել հայ ժողովրդի իրավունքների համար․ «Դիմում եմ բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայրենիքի պաշտպանության գործը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել