Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կողմերը հանդես են եկել Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացն ակտիվացնելու օգտին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը մանրամասն քննարկվել է: Երկուստեք վերահաստատվել է հումանիտար զինադադարի պահպանման կարևորությունը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական գործընթացի ակտիվացմանը, մասնավորապես` Մինսկի խմբի շրջանակներում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից Ղարաբաղում ռազմական գործողություններին զինյալների մասնակցության կապակցությամբ: Նրանք նաև շեշտել են համերաշխությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը` հնարավորինս շուտ դադարեցնելու Ղարաբաղում արյունահեղությունը և անցնելու խնդրի խաղաղ կարգավորմանը:
«Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության լարման նվազման գործում», – հավելվում է հաղորդագրության մեջ: