Ստեփանակերտը ամբողջությամբ գտնվում էր ռմբակոծության տակ և որևէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով։ Դրանք թիրախավորում էին և՛ ռազմական օբյեկտները, և՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանից մեկնած և Արցախի ողջ բժշկական համայնքը երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալիս, որովհետև Ստեփանակերտը կամ այլ քաղաքները գտնվում են օդային տագնապի ռմբակոծության տակ ու նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ասաց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ, այնքան մոտ, որ հիվանդանոցը պարզապես դղրդաց, հրթիռային հարվածին, որը, մեծ հավանականությամբ, կարող էր նաև հարվածել հենց հիվանդանոցին։ Տեսնելով Ադրբեջանի ռազամքաղաքական ղեկավարության մտադրությունները՝ մեր բժշկական անձնակազմի մոտ այնպիսի տպավորություն, որ չի բացառվում՝ ուղիղ հարված լինի բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել որպես պատերազմական հանցագործություն՝ խաղաղ բնակչության նկատմամբ»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Նա հայտնեց, որ չնայած այս ամենին, ողջ բժշկական հանրույթը կանգնած է քաղաքացիների կողքին։ «Մենք մինչև վերջ պայքարելու ենք և հաղթելու ենք»,-ասաց առողջապահության նախարարը։
Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են։ «Այս պատերազմը, փաստացի, օդային կամ հրետանային կամ ԱԹՍ-ներով պատերազմ է։ Մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են լինում, որոնք առաջացնում են լուրջ վիրավորում կամ մահ»,-նշեց նա։