«Հաղթելու ենք, շատ գործեր ունենք, շուտ ավարտենք, հետ գանք». տղաներն արձանգանքել են մարտակոչին: Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ կառավարությունը։
Տղե՛րք, հայրենիքն ունի ձեր կարիքը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում մարտակոչով դիմելով վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց՝ ովքեր վերջին 1 տարվա ընթացքում են զորացրվել, ենթական չեն զորակոչի: «Նրանք գործնականում մեր ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են, և խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը: Իմ կոչն այն է, որ մեր զորացրված տղաներն այս պահից սկսած՝ ներկայանան կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն հայոց բանակին»,-ասաց նա՝ վերահաստատելով իր խոսքը, թե սա ոչ թե Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն, և այսօր պետք է ժողովրդին պաշտպանել ցեղասպանությունից.
«Եթե մենք ոտքի չկանգնենք, բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության: Այսօր Հայաստանի քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ և պետք է կարողանա պաշտպանել իրեն»,-ասաց Փաշինյանը:
«Ուզում եմ հրավիրել ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում ուղղակի մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու»,-ասաց նա՝ նշելով, թե ովքեր ունեն զիվորական հագուստ, դրանով ներկայանան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
https://www.facebook.com/watch/?v=2614602765517205