Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղում բռնության աննախադեպ և վտանգավոր սրումը, ասված է երկուշաբթի Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված եռակողմ հայտարարության մեջ:
Փաստաթղթի տեքստում նշված է, որ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լե Դրիանը և Մայք Պոմպեոն «ամենախիստ կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր սրումը»:
«Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին, ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքներում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաեւ նման հարձակումների անհամաչափությունը, անընդունելի սպառնալիք են ստեղծում տարածաշրջանում կայունության համար:
Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների առաջնորդների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը, նախարարները կրկին հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ եւ անվերապահորեն զինադադար հաստատել:
Համանախագահ-երկրները հաստատակամորեն տրամադրված են լիարժեք իրականացնել ԵԱՀԿ եւ միջազգային հանրության կողմից տրված մանդատը՝ Մինսկի խմբի անդամ-երկրների աջակցությամբ: Համաձայն այդ մանդատի նրանք կշարունակեն հետեւողականորեն մեծացնել համագործակցությունը կողմերի հետ, կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացի վերականգնման պարտավորությունը՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների եւ համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ ծանոթ են երկու կողմերին»: