Վարդան Ղուկասյանի «փեսայի» սպանության գործով վկաների ցուցմունքները հակասական են. լուսանկարներ

Մարտի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «փեսայի»` Կարեն Եսայանի սպանության քրեական գործի քննությունը:

Նիստին ներկա էին տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը, վերջինիս ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը,  ամբաստանյալ Հարություն Սարգսյանը և վերջինիս պաշտպանները: Նիստին չէր ներկայացել պետական մեղադրող Մ. Սալոյանը:

Այս անգամ նույնպես չէին ներկայացել գործի քննության համար կանչված վկաների մեծ մասը` չնայած պատշաճ ծանուցված էին: Հարցաքննվեցին վկաններ Ա. Մկրտչյանը, Ռ. Կարապետյանը, Գ. Համբարձումյանը, Լ. Ռուբինյան, Է. Խաչատրյան և Ա. Սահակյան:

Վկա Ռ. Կարապետյանի,  ով «Կատաֆալկա» կոչվող մեքենայի վարորդ Արտաշի կինն էր և Հարություն Սարգսյանի հետ գտնվում էր գործնական հարաբերությունների մեջ, ցուցմունքի ժամանակ մեղադրող կողմը միջնորդեց լսել դռնփակ կարգով, սակայն վկան և պաշտպանական կողմը չհամաձայնեցին: Վկայի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև առկա էին հակասություններ, ինչի պատճառով հրապարակվեց նախաքննության ընթացքում վկայի տված բացատրությունը: Ըստ դրա Հ. Սարգսյանը զբաղվել է արտասահմանյան մեքենաների առքուվաճառքով, մեկնել է արտասահման, վկային անընդհատ զանգել է, արծաթափայլ «Մերսեդես» մակնիշի մեքենայով հաճախ եկել է վկայի աշխատանքի վայր, խանդել է: Այն հարցին, թե վկան ճիշտ է գրել նախաքննական ցուցմունքում` վկան ասեց, որ այո, ինքն է գրել և ճիշտ է, սակայն ամբաստանյալի հարցադրումներից հետո հերքեց և պատճառաբանեց, որ չի հիշում, թե ինչ ցուցմունք է տվել նախաքննության ընթացքում, շփոթված է եղել, իրեն ասել են շենքի համար են տանում, բայց ցուցմունք են վերցրել տվյալ գործով:  

Հաջորդ վկա Գ. Համբարձումյանի ցուցմունքի ժամանակ մեղադրող կողմը կրկին  միջնորդություն ներկայացրեց դատական նիստն անցկացնել դռնփակ կարգով, թերևս նախորդ վկայի նման վերջինս առարկություն չուներ հրապարակային դատաքննությանը, սակայն դատավորը միջնորդությունը բավարարեց:

20 րոպե ընդմիջումից հետո հարցաքննվեց վկա Լ.  Ռուբինյանը, որը ներկայացրեց նախաքննության ընթացքում անձամբ չի գրել բացատրությունը, այդ պատճառով առկա են հակասություններ:

Հարցաքննվեցին նաև ավտոլվացման կետի աշխատակից Է. Խաչատրյանը և սեփականատեր Ա. Սահակյանը, որոնք նույնպես նշեցին, որ Հարություն Սարգսյանը ավտոլվացման կետ եկել է արծաթափայլ «Մերսեդես» մակնիշի մեքենայով:

Դատական նիստը կշարունակվի սույն թվականի մարտի 27-ին, ժամը 12:00-ին:

 

Հանրային թղթակից՝  Անահիտ Ալեքսանյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել