Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Մատաղիսի գործով» զինվորական կենտրոնական դատախազության և տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքները՝ անփոփոխ թողնելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռը:
Տեղեկացնենք, որ տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել էր վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել ճիշտ վճիռ: Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում էր ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:
Հիշեցնենք, Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասի ծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Եվ ինը տարի համառ պայքարից հետո միայն 2012թ. դեկտեմբերի 18-ի դատավճռով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է նրանց:
Աղբյուրը՝ Իրավաբան.net