Հակակոռուպցիոն կոմիտեի շենքը կկառուցվի Աջափնյակում․ կառավարության որոշումը

Կառավարությունը օգոստոսի 6-ի հերթական նիստին որոշում ընդունեց Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի տեղակայման վերաբերյալ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորվում:

Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի կարևոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի առկայությունն է: Ռազմավարությամբ կարևորվում է Հակակոռուպցիոն կոմիտեին առանձին տարածքի տրամադրման և, ըստ այդմ, անհրաժեշտ չափանիշներին համապատասխան շենքի կառուցումը։ Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ձևավորվի 2021 թվականի ընթացքում։

Այս համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ  Կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 348 – Ա որոշման համաձայն՝ Երևան քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող՝ Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը, համաձայն հավելվածի, նվիրատվության է տրվել Հայաստանի Հանրապետությանը, որից հետո «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան այն ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, ինչպես նաև ապահովվել է հողատարածքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի պետական գրանցումը և հաշվառումը: Այնուհետև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված հողատարածքը հետ է վերցվել և այն ամրացվել արդարադատության նախարարությանը:

Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարությունը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, հավաքագրել և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի կառուցման կարիքները: Արդյունքում՝ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի ապրիլի 3-ի N 35-Ն և 2008 թվականի փետրվարի 15-ի N 19-Ն հրամանները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշումը, կատարել է նախագծման և շինարարության գումարների  հաշվարկ:

Այսպիսով տվյալ տարածքում առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որի շինարարական կարիքների համար, ի թիվս այլ աշխատանքների, անհրաժեշտ է կատարել նաև նախագծային աշխատանքներ:

Ստորև ներկայացվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման համար նախագծային աշխատանքների համար անհրաժեշտ խոշորացված հաշվարկը՝

Նախագծային աշխատանքների արժեքի խոշորացված հաշվարկ /այդ թվում ելակետային տվյալների ձեռքբերման ծախսեր/

2,563,000.0 x 2.0%=51,260.0 հազ.դրամ,

(ՀՀ քաղ. նախարարի 15.02.2008թ N 19-Ն հրաման)

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման իրատեսական ժամկետն առնվազն 6 ամիս է, ընդ որում՝ դրանում ներառված է նախագծման աշխատանքների ձեռքբերման համար անհրաժեշտ գնման գործընթացի տևողությունը՝ այս փուլում առաջարկվում է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին հատկացնել հաշվարկված գումարի 25%-ը, որը նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությանը կտրվի որպես կանխավճար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել