Ինչպե՞ս կարող են համատեղ աշխատել գործարարական գործունեություն իրականացնողները

Գործարարություն իրականացնողները (անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ) կարող են կազմակերպել իրենց համատեղ աշխատանքը` առանց իրավաբանական անձ կազմավորելու` կնքելով համատեղ գործունեության պայմանագիր:

Այսպես` համատեղ գործունեության պայմանագրով երկու կամ ավելի անձինք (մասնակիցները) պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար:

Ձեռնարկատիրական (գործարարական) գործունեության համար կնքված համատեղ գործունեության պայմանագրի կողմեր կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և (կամ) առևտրային կազմակերպությունները և (կամ) գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները:

Համատեղ գործունեության պայմանագրով կարող է նախատեսվել, որ այն չի բացահայտվում երրորդ անձանց համար (ոչ հրապարակային համատեղ գործունեություն):
Համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Մասնակցի ավանդ է համարվում այն ամենը, ինչ նա ներդնում է ընդհանուր գործում` ներառյալ դրամը, այլ գույքը, մասնագիտական և այլ գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև գործարար համբավը և գործարար կապերը:

Մասնակիցների ավանդները, ըստ դրանց արժեքի, ենթադրվում են հավասար, եթե այլ բան չի բխում համատեղ գործունեության պայմանագրից կամ փաստացի հանգամանքներից: Մասնակիցների ավանդների դրամական գնահատումը կատարվում է նրանց համաձայնությամբ:

Մասնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ համատեղ գործունեության պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:

Մասնակիցների ներդրած գույքը, որին նրանք տիրապետում էին սեփականության իրավունքից տարբերվող հիմքերով, օգտագործվում է ի շահ բոլոր մասնակիցների և նրանց ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի հետ միասին կազմում է մասնակիցների ընդհանուր գույքը:

Մասնակիցները կարող են ընդհանուր գույքի հաշվապահական հաշվառումը հանձնարարել իրենցից մեկին:

Մասնակիցներն ընդհանուր գույքն օգտագործում են ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանով սահմանված կարգով:

Ընդհանուր գույքի պահպանման կապակցությամբ մասնակիցների պարտականությունները և այդ պարտականությունները կատարելու հետ կապված ծախսերի հատուցման կարգը որոշվում են համատեղ գործունեության պայմանագրով:

Ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործել բոլոր մասնակիցների անունից, եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված չէ, որ գործերը վարում են համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակիցներ կամ բոլորը` համատեղ:

Գործերը համատեղ վարելու դեպքում յուրաքանչյուր գործարք կնքելու համար պահանջվում է բոլոր մասնակիցների համաձայնությունը:

Երրորդ անձանց հետ հարաբերություններում բոլոր մասնակիցների անունից գործարք կնքելու համար մասնակցի լիազորությունը հավաստվում է մնացած մասնակիցների կողմից նրան տրված լիազորագրով կամ համատեղ գործունեության պայմանագրով:
Երրորդ անձանց հետ հարաբերություններում մասնակիցները չեն կարող վկայակոչել մասնակիցների ընդհանուր գործերը վարելու հետ կապված գործարք կնքած մասնակցի իրավունքների սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ապացուցում են, որ գործարքը կնքելու պահին երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար այդպիսի սահմանափակման մասին:

Մասնակիցը, ով բոլոր մասնակիցների անունից կնքել է այնպիսի գործարքներ, որոնք կնքելու համար նրա իրավունքը սահմանափակված է, կամ գործարքներ է կնքել իր անունից` ի շահ բոլոր մասնակիցների, կարող է պահանջել հատուցելու իր կատարած ծախսերը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ գործարքները եղել են ի շահ բոլոր մասնակիցների: Այդպիսի գործարքների հետևանքով վնաս կրած մասնակիցները հատուցում պահանջելու իրավունք ունեն:

Մասնակիցներն ընդհանուր գործերին վերաբերող որոշումներն ընդունում են ընդհանուր համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ համատեղ գործունեության պայմանագրով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել