Ի՞նչ հետևանքներ են լինում, երբ հարկայինը ՍՊԸ-ի անունը անկապ նշում է «Անկապ»

28.11.2011թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Էլին-Արս-Շին» ՍՊԸ-ի ` պետական բյուջեի օգտին 4.911.970 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։

Համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 22.09.2011թ. թիվ 1001259 հանձնարարագրի` ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում պատասխանողի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների, հաշվարկների և այլ փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու, ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով անցկացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում։ Ստուգման արդյունքում 03.11.2011թ. կազմվել է թիվ 1001259 ակտը։ Ակտով պատասխանողին առաջադրվել է 4.911.970 դրամ, այդ թվում` շահութահարկի գծով` 4.301.355 դրամ, որից ապառք` 1.856.814 դրամ, տույժ` 402.046 դրամ, տուգանք` 2.042.495 դրամ, ԱԱՀ-ի գծով` 610.615 դրամ, որից ապառք` 353.160 դրամ, տույժ` 45.559 դրամ, տուգանք` 211.896 դրամ։
Ելնելով վերոգրյալից` հայցվորը խնդրել է պատասխանողից հօգուտ պետ. բյուջեի բռնագանձել 4.911.970 դրամ գումար, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։

11.12.2011թ.-ին «Էլին-Արս-Շին» ՍՊԸ-ն հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան։
Դիմելով Դատարան` «Էլին-Արս-Շին» ՍՊԸ-ն հայտնել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մալաթիա-Սեբաստիա հարկային տեսչության կողմից 03.11.2011թ. կազմված թիվ 1001259 ստուգման ակտը կազմվել է անհիմն եզրահանգումների հիման վրա և ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով, ինչի հիման վրա «Էլին-Արս-Շին» ՍՊԸ-ն սույնով հայցադիմումը մերժելու և նշված ակտը առաջին և հինգերորդ կետերը ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացվում:

Գնահատելով սույն գործով Դատարանին ներկայացված վերաբերելի և թույլատրելի ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունների վրա հիմնված ներքին համոզմամբ`Դատարանը հանգեց հետևության, որ հայցը ենթակա է մերժման, իսկ հակընդդեմ հայցը բավարարման: Դատարանը գտել է, որ Ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը անհիմն է, չի բխում օրենքի պահանջներից, քանի որ բացակայում է հղում որևէ փաստաթղթի, որով կհիմնավորվեր հարկային տեսչության կողմից նման եզրահանգման գալը։

Ավելին, դատաքննության ընթացքում «Էլին-Արս Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Դատարանին ներկայացրեց առ 01.01.2010 թվականի դրությամբ թիվ 221 հաշվապահական հաշվի շրջանառության և մնացորդի ամփոփագրերը, որի հիման վրա, ստուգման ակտով հարկային տեսչությունը եկել է այն եզրահանգման, որ «Ընկերությունը, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժե» ենթակետի և ՀՀ Կառավարության 19.12.2002թ. թիվ 2052-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները` 2010 թվականի շահութահարկի հաշվարկում հաշվետու տարվա համախառն եկամուտների մեջ չի ներառել անհուսալի համարվող կրեդիտորական պարտքերի գումարները հետևյալ կազմակերպությունների համար, հետևյալ գումարների չափով`«Շտրլից և Կ» ՍՊԸ-ին 322.000 դրամ, «Անկապ» ՍՊԸ-ին 20677 դրամ, «Միլանո» ՍՊԸ-ին 100.039 դրամ, «ԳՏԼ» ՍՊԸ-ին 23.170 դրամ, «Մետպրոգրես» ՍՊԸ-ին 66.980 դրամ, ընդհամենը` 532.866 դրամ։

Մինչդեռ Դատարանին ներկայացրած ապացույցի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ թիվ 221 հաշվապահական հաշվի շրջանառության և մնացորդի ամփոփագրում որևէ նշում «Անկապ» ՍՊԸ-ի վերաբերյալ առկա չէ, կա նշում միայն «Անկապ», որը ըստ հակընդդեմ հայցվորի նշվել է բառի բուն իմաստով։ Դատարանը գտնում է նաև, որ ստուգման ակտում նշված նման անհիմն և թերի եզրահանգումը` ստուգումն իրականացնող տեսուչների կողմից հաշվապահական հաշվի շրջանառության և մնացորդի ամփոփագրերի և դրանց հիմքում ընկած փաստաթղթերի ոչ լիարժեք հետազոտման արդյունք է, որի պատշաճ կատարման արդյունքում միայն տեսուչները կարող էին պարզել «Անկապ» անվամբ ՍՊԸ-ի առկայության կամ բացակայության փաստը։

Արդյունքում դատարանը վճռեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Էլին-Արս-Շին» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել։ «Էլին-Արս-Շին» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության` 03.11.2011թ.-ին կազմված թիվ 1001259 ստուգման ակտի 1-ին և 5-րդ կետերը անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել։

Դատարանի վճռի հետ համաձայն չլինելով՝ հայցվորը ներկայումս վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել