Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվ այսպես․
22.06.2020թ․ Սահմանադրության փոփոխությունը մտավ ուժի մեջ և սկսվել է առաջին աշխատանքային օրը ՍԴ-ում։
Արդեն դադարել են ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը և Հրայր Թովմասյանի որպես ՍԴ նախագահի պաշտոնավարումը։
Մենք լսեցինք նրանցից յուրաքանչյուրի կարծիքը Սահմանադրության փոփոխության և իրենց վերաբերող հետևանքների վերաբերյալ (առնվազն այն ինչ հասցրել էին մտածել այդ հարցերի կապակցությամբ) և այժմ իրականության հետ առերեսման պահն է, որը կարող է զարգանալ տարբեր ճանապարհներով և այդ որոշումը կայացնողները հենց իրենք են։
Սահմանադրական դատարանի զբաղեցրած շենքերի, շինությունների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:
Սահմանադրական դատարանի անդամներից և աշխատակազմի աշխատակիցներից բացի, այլ անձինք սահմանադրական դատարանի շենք կարող են մուտք գործել սահմանադրական դատարանի կանոնակարգով սահմանված կարգով:
Ուստի ՍԴ վերը հիշատակված պաշտոնավարումը դադարած անձինք ՍԴ շենք կարող են մուտք գործել ընդհանուր կարգով (ոչ որպես ՍԴ անդամ կամ դատավոր), նրանց մուտքն ու ելքը հնարավոր է միայն համապատասխան գրանցման պարագայում։ Նրանց անձնական գույքի հանձնումն ու ընդունումը պետք է կազմակերպվի արձանագրության միջոցով, ինչպիսի կարգը չպահպանելը կարող է հանգեցնել պատասխանատվության։
ՍԴ պաշտոնաթող անդամները պետք է ծանուցվեն իրենց անձնական իրերի հանձնում ընդունումն իրականացնելու վերաբերյալ։
ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրած և պաշտոնավարումը դադարած Հրայր Թովմասյանը պետք է հանձնի ՍԴ կնիքը, ինչպիսի պարտականությունը չկատարելը կհանգեցնի պատասխանատվության։
Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի բացակայության ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Սահմանադրական դատարանի` տարիքով ավագ դատավորը: (ՍԴ մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդված)։
Այժմ ՍԴ նախագահի նախագահի պարտականությունները պետք է կատարի տարիքով ավագ դատավոր՝ Աշոտ Խաչատրյանը։
Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովում է սահմանադրական դատարանի նախագահը: (ՍԴ մասին սահմանադրական օրենքի 18-րդ հոդված)։
Բոլոր հայեցողական պաշտոնների նշանակման լիազորությունն ազատ է իրականացնել ՍԴ նախագահի պարտականությունները կատարող դատավորը։ Ընդ որում սա պետք է դիտարկել ոչ այլ կերպ քան ՍԴ բնականոն գործունեությունն ապահովելու կոնտեքստում։
Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և այլ պայմաններ` սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար: (ՍԴ մասին սահմանադրական օրենքի 21-րդ հոդված):
Այս պարտականության չկատարումը ևս կարող է հանգեցնել պատասխանատվության կիրառման։
Իշխանությունը զավթելը` ․․․․ , ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության ․․․ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`
պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով (ՀՀ քրեական օրենսգիրք՝ 300-րդ հոդված):
Թյուր կարծիք կա որ սա չի կարող վերաբերվել առանձին մեկ կամ մի քանի դատավորի։ Դա այդպես չէ, քանի որ ինչպես առանձին մեկ դատավոր այնպես էլ մի քանիսը բայց ոչ բոլորը (օրինակ ՍԴ 3 դատավորից բաղկացած կազմը) սահմանված հարցերով և կարգով իրականացնում են ՍԴ լիազորություն և եթե այդպիսի լիազորություն փորձեն իրականացնել պաշտոնավարումը դադարած անդամներից որևէ մեկը, ապա դա կհանգեցնի օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման։
Հ․Գ․
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին
մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից (ՀՀ քրեական օրենսգիրք՝ 300-րդ հոդված 3-րդ մաս)»,-նշել է նա։