Գիտենք, որ կարգապահական գումարտակում պահելը որպես պատիժ կիրառվում է զինվորական հանցագործություններ կատարողների նկատմամբ: Այժմ տեսնենք,թե ինչպես է կիրառվում նշված պատիժը:
Կարգապահական գումարտակում սահմանվում է պատիժը կատարելու և կրելու որոշակի կարգ, որն ապահովում է դատապարտյալի ուղղումը, պարտականությունների ու զինվորական ծառայության պահանջների կատարումը, իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, դատապարտյալի նկատմամբ հսկողությունը, զինծառայողի և կարգապահական գումարտակի անձնակազմի անձնական անվտանգությունը:
Դատապարտյալը պարտավոր է պահպանել կարգապահական գումարտակի՝ Պաշտպանության նախարարության սահմանած ներքին կանոնակարգի պահանջները:
Կարգապահական գումարտակի հրամանատարությունը Պաշտպանության նախարարության սահմանած հատուկ ծրագրով դատապարտյալի հետ անցկացնում է ֆիզիկական և մարտական պատրաստականության դասընթացներ:
Դատապարտյալի նկատմամբ, ուղղման հիմնական միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև զինվորական ծառայությամբ պայմանավորված ուղղման այլ միջոցներ:
Դատապարտյալը, անկախ զինվորական կոչումից և նախկինում զբաղեցրած պաշտոնից, պատիժը կրելու ընթացքում գտնվում է շարքային կազմի զինծառայողի կարգավիճակում, կրում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված նմուշի՝ առանց տարբերանշանների համազգեստ:
Դատապարտյալը կարող է ներգրավվել չվարձատրվող հասարակական աշխատանքների, բայց օրվա ընթացքում երկու ժամից ոչ ավելի ժամանակով:
Կարգապահական գումարտակում դատապարտյալին արգելվում է ունենալ կանխիկ դրամ, այդ թվում՝ արտարժույթ, արժեթղթեր, ինչպես նաև կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով արգելված առարկաներ և իրեր: Հայտնաբերված կանխիկ դրամը, այդ թվում՝ արտարժույթը, արժեթղթերը և այլ արժեքավոր իրերը, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան` առգրավվում և պահվում են մինչև պատժից ազատվելը: Դատապարտյալից առգրավված առարկաները և իրերը կարգապահական գումարտակի հրամանատարի հրամանով հանձնվում են պահպանության կամ ոչնչացվում են՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու քանակը, որոնք դատապարտյալին թույլատրվում է ունենալ, ձեռք բերել անկանխիկ հաշվարկով կամ ստանալ ծանրոցներով, հանձնուքներով և փաթեթներով, սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով: Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու նպատակով դատապարտյալն իրավունք ունի իր անձնական հաշվից ծախսելու Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով գումար:
Օրենսդիրը այստեղ ոչ հստակ է ձևակերպել «Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձ» արտահայտությունը, քանի որ տառացի մեկնաբանությամբ կարող ենք հասկանալ 35 000 դրամի 30-ապատիկը, որը հսկայական գումար է կազմում, և գումարի առավելագույն չափ սահմանելու իմաստը կորչում է: Ամենայն հավանականությամբ օրենսդիրը նկատի է ունեցել հաշվարկային նվազագույն աշխատավարձի` 1000 դրամի 30-ապատիկը:
Աղբյուրը` Իրավաբան.net