Վերացվում է նպաստ նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարել։

Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի նաև երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:

Այսինքն, եթե ծնողի՝ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծննդյան օրվանից հետո, ապա ծնողը խնամքի նպաստի իրավունք է ձեռք բերում գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Ընդ որում, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից։

Գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ծնողի և երեխայի հաշվառման (բնակության) վայրի վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, չաշխատող մայրերին ևս հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի համար տրվում է մայրության նպաստ, առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից։

Միաժամանակ, առաջարկվում է օրենքում կատարել վերը նշվածից բխող այլ փոփոխություններ և լրացումներ, այդ թվում, հստակեցնելով օրենքի այն դրույթները, որոնք կիրառելի են խնամքի նպաստը օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կամ 1.1-ին մասի հիման վրա նշանակելու դեպքերում։

Առաջարկվում է նաև.
1) խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս,
2) խնամքի նպաստի գումարը լիազորագրով վեց ամսվա փոխարեն վճարել 12 ամիս,
3) սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար,
4) վերացնել նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը (հետևաբար՝ ծնողի՝ ՀՀ-ից բացակայելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստը վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթները)։

Հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել