Այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր «Լուսավոր Հայաստան»Հրանտ Այվազյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու մինչև հիմա չունենք Շրջակա միջավայրի նախարար, սակայն ունենք մի շարք բնապահպանական խնդիրներ՝ Սևանա լճում ձկնագողություն, Արարատում նախորդ տարի արագիլների անկում, Լոռու մարզում ի հայտ եկած թրթուրներ, որ անտառներն էին ոչնչացնում նախկինում, այժմ էլ պտղատու ծառերը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանես պատգամավորի հարցին, նշելով, որ նշած բոլոր հարցերի համար պատասխանատու է կառավարությունը․ «Ես այս ամբիոնից շնորհակալություն եմ հայտնել Շրջակա միջավայրի նախկին նախարարին, նախարարությունում հիմա ամեն բան բնականոն հունով է ընթանում, շուտով կնշանակվի նոր նախարար, իսկ եթե իմանայի, որ թրթուրներն առաջացել են Շրջակա միջավայրի նախարար չնշանակելու պատճառով, էսօր իրիկուն կնշանակեի»։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ նկատի չունենալով Հրանտ Այվազյանին և նրա հարցը, ցանկություն ունի ընդհանուր երևույթի վերաբերյալ խոսել: Նա հավելեց, որ այս դահլիճում դեռևս կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կամ նրա առանձին անդամի հետ կարող են խոսել հեգնանքով:
«Ընդ որում՝ խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր: Հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելն իրենց համար կարող է կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել: Ուզում եմ ասել, որ սա անընդունելի է, համոզված եմ, որ հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց ու ուժերի վզներից բռնելու է ու դահլիճից դուրս շպրտելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: