Հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հունիսի 17-ին նվիրաբերված պարագաները փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր խոսքում կարևորել է հիմնադրամի աջակցությունը հատկապես ամառային զորակոչի նախաշեմին։ Օրեր անց կմեկնարկի զինված ուժերի համալրման հերթական գործընթացը, որն այս տարի իրականացվելու է արտակարգ պայմաններում և զինակոչիկները վիճակահանությանը մասնակցելու են նմուշառում անցնելուց հետո։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հատկացրած հազարավոր թեստերը կօգտագործվեն զինակոչիկների հետազոտման և առողջ զորակոչի ապահովման նպատակով։
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն իր հերթին արձանագրել է, որ անցած ամիսների ընթացքում հիմնադրամն իր նախաձեռնության շրջանակում կարողացել է օգնություն ցուցաբերել մի շարք հաստատությունների, ընդգծել, որ շարունակելու են պայքարել համավարակի դեմ՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես զինված ուժերը։