Կորոնավիրուսի պայամններում Հայաստանում օրեցօր արձանագրվում են վատթարացող տեմպեր․ այս մասին ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Մեկ անգամ չէ, որ խոսել ենք վիճակագրական տվյալներից, կոնկրետ փաստերով ենք ներկայացրել, որ ոչ միայն տարածաշրջանում է մեր վիճակն անմխիթար, ըստ էության, այլ առհասարակ աշխարհում՝ համամասնության մեջ եթե նայենք, 1 միլիոն բնակչության համեմատության մեջ մենք ամենավատ ցուցանիշն ենք արձանագրում»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, դեպքեր են եղել, երբ քաղաքացիները դիմել են բուժհաստատությունների և դրանց ծանրաբեռնվածության ու չընդունելու պատճառով 2 մահ է գրանցվել, ինչի մասին խոսել է նաև երկրի ղեկավար կազմը։
«Դեռևս 10 օր առաջ ԲՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել պարետատուն, որտեղ մենք ուզում ենք հասկանալ և մեր ժողովրդին ներկայացնել, թե ինչ գործունեություն է ծավալել պարետատունը, ինչ գործողություններ և ինչ միջոցառումներ իրականացրել, միջազգային կազմակերպությունների հետ ինչպիսի կապ է հաստատել ու ինչ գործողություններ իրականացրել և նաև միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվել՝ դրանք ինչ նպատակի են ծառայեցվել։ Սա հրատապ հարցապնդում է, բայց դրա պատասխանը դեռևս չենք տեսնում և չենք ստանում»,-նշեց Վահե Էնֆիաջյանը։
ԱԺ փոխխոսնակը հայտարարարեց, որ նախաձեռնելու են հանձնաժողով ձևավորել ու քննարկում իրականացնել, որ բոլոր անգործունակները, ոլորտը ձախողած բոլոր մարդիկ գան պատասխանատվության ու տվյալներ ներկայացնեն։