Լուրեր են տարածել, թե «Գոլդեն Փելես» հյուրանոցում սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, սա ցածր ու հակապետական գործողություն է․ վարչապետ

Մայիսի 21-ին կայացած կառավարութան նիստի ժամանակ վարչապետը հայտնեց․  «Հանրության շրջանում քննարկվում է, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ դրական ախտորոշումով»:

Մինչ այժմ խոսակցություններ են հնչում նաև այն մասին, որ այլ պատճառով մահացած քաղաքացիների հարազատներին գումար են առաջարկում՝ որպեսզի նրանք իրենց համաձայնությունը տան գրանցելու, թե իրենց հարազատը մահացել է կորոնավիրուսից։

Վարչապետը հունիսի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց նաև, որ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման աղբյուրները պետք է ճշտվեն։

Ի պատասխան Իրավաբան․net-ի հարցին, վարչապետը հունիսի 16-ին կայացած պարետատան նիստից հետո, բրիֆինգի ժամանակ հայտնեց, թե ինչ փուլում են այս աշխատանքները, արդյո՞ք վերոնշյալ կամ կորոնավիրուսի հետ կապված այլ ապատեղեկատվության սկզբնաղբյուր բացահայտվել է։

«Նախ ես ուզում եմ հասկանալ, ինչպես են այդ մտքերը ծնվում։ Այսօր մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն այն է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է և ամեն օր մարդիկ են մահանում։ Այսինքն մենք ինքներս մեր ընդդիմախոսներին, մեզ քննադատելու գործի՞ք ենք տալիս։ Առաջին օրից մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի լինենք 100 տոկոս թափանցիկ։ Պատկերացնում եք, Հայաստանի քաղաքացին կորոնավիրուսի հետ կապված, չկա այդպիսի ինֆորմացիա, որին չի տիրապետում, չկա, ընդհանրապես ոչ մի աշխատանքային գաղտնիք նույնիսկ չկա։ Մի անգամ վիճակագրության մեջ 4 թիվ կար, որ կարող էինք առանց հայտարարելու շտկել՝ նախորդ օրվա ու հաջորդ օրվա տվյլաները համադրելով, բայց էլի կառավարության նիստում հայտարարեցի, ասացի՝ ժողովուրդ ջան, գիտեք, այստեղ ինչ-որ թվի սխալմունք է եղել, ուղղում ենք դա»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայնեց, որ աշխատանքներ են տարվում սկզբնաղբյուրները բացահայտելու համար։

«Չգիտեի էլ, ասեմ, թե չասեմ, բայց երևի պետք է ասել, ինչքան էլ վատ հնչի։ Օրինակ, երբ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, շատ որոշակի շրջանակներ, ես հիմա ասեմ ինչ լուր՝ դուք արդեն կկռահեք, թե այդ լուրն ինչ է, հիմա ուղղակի պետք է գնահատենք, թե ինչ ծավալներով է տարածվել այդ լուրը, իրար մեջ են խոսել․․․ չնայած իրար մեջ խոսելուց էլ, հասկանալի է չէ, ծավալվում է։ Այսպիսի խոսակցություններ է գնացել մի ընդդիմադիր քաղաքական շրջանակի ներկայացուցիչների կողմից, որ իրականում, ոչ թե այնտեղ մարդկանց մեկուսացրել են, այլ Հայաստանում, ընդհատակյա, «Գոլդեն Փելես» հյուրանոցում, սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, դրա համար փակել են, որ մարդիկ չիմանան, թե ինչի մասին է խոսքը։ Հասկանու՞մ եք, այս աստիճանի ստոր, այս աստիճանի ցածր․․․ հետո նույն մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն օգտագործել են կառավարության դեմ՝ ասելով իրենք են լուրեր տարածել, որ կորոնավիրուս չկա։ Եվ իրենք էլ բախվել են այդ խնդրի հետ, որովհետև այդ կոնկրետ քաղաքական մի շրջանակի մի ներկայացուցչի ընտանիքի անդամ, ով այդ լուրը տարածել է, ինքն էլ կորոնավիրուսով վարակվել է, իհարկե բոլորովին վերջերս, բայց էական չէ։ Դուք հասկանու՞մ եք, ինչ աստիճանի ցածր ու հակապետական գործողություն կարելի է իրականացնել»,-նշեց վարչապետ Փաշինյանը։

Նրա խոսքով, այս հարցերով կառավարությունը զբաղվում է, և եթե դե յուրե պատասխանատվության միջոց չգտնվի, որովհետև օրենսդրական բացեր կան, պետք է քննարկվի այդ հարցերը հրապարակայնացնելու տարբերակը, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա գնահատական տալու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել