Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 12-ին, հատուկ նիստին քննարկվում է կառավարության կողմից ընդունված որոշումը՝ արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգելու մասին։
Պատգամավորների հարցերին պատասխանելիս, վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշեց, թե որոնք են եղել այս ընթացքում ձախողումներն ու խնդիրը։
«Պրոբլեմը եղել է այն, որ մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուն չենք կարողացել կա՛մ պարտադրել, կա՛մ համոզել, որ նա պահի հակահամաճարակային կանոնները։ Սրա պատճառները բազմաթիվ են։ Դուք հիշում եք՝ կորոնավիրուսի սկզբի շրջանում ինչ խուճապ էր ամբողջ աշխարհում և մենք այդ շրջանում խնդիր էինք դրել, որ ՀՀ քաղաքացիների շրջանում խուճապ թույլ չտանք։ Եվ մենք կարողացանք նաև այդ սպառողական խուճապը կանգնեցնել»,-նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ամենամեծ խնդիրը եղել է այն, որ չի գտնվել այն սահմանը, թե ինչքան պետք է հանգստացնել մարդկանց, ինչքան՝ «խուճապ տարածել»։ Նա նշեց նաև, որ Այսօր Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր դեռ խոսում են նրա մասին, որ կարո՞ղ է այս վարակը սարքած է, բլեֆ է, սուտ է։
«Մեր պրոբլեմը մեր բիսեդկաներում է, մեր տներում, թաղերում, մեր այգիներում է։ Այսօր առավոտյան ես աշխատանքի եմ գնում, մեքենայի պատուհանից նայում եմ՝ Պռոշյան փողոցի վրա 40-50 տարեկան 3 տղամարդ, համարյա փոր-փորի տված իրար հետ զրուցում են՝ դիմակները էս վիճակում (իջեցրած)։ Այսինքն, դիմակը ոչ թե նրա համար է, որ իրենք պաշտպանվեն, այլ նրա համար, որ ոստիկան երևա, իրենք վերև բարձրացնեն։ Սա մենք ենք»,-նշեց վարչապետը։