Մայիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժնում Լանջիկ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ մայիսի 14-ի գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրենց չբնակեցված նորակառույց տան խոհանոցից գողացել են ջեռուցման կաթսան՝ պատճառելով 750.000 դրամի վնաս:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Լանջիկ մեկնած իրավապահները դեպքի վայրի զննությունից հետո որոնողական աշխատանքներ սկսեցին: Օպերատիվ հարցումների արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցի 43-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը մայիսի 31-ին ներկայացավ ոստիկանության Անիի բաժին:
Պարզվել է, որ գողությունից ժամեր անց նա ջեռուցման կաթսան 170.000 դրամով վաճառել է Երևանի շուկաներից մեկում:
Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: