Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարվել։ Օրենսգիրքը լրացվել է 47.18-47.26-րդ հոդվածներով, որոնց համաձայն մի շարք արաքների համար վարչական պատասխանատվություն է նախատեսվել։
Օրենքն ուժի մեջ է մտնում մայիսի 30-ից։
Մասնավորապես․
47.18-րդ հոդվածով սահմանվել է էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը, պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը կամ դրանց լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը։
1. Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը` առաջացնում է տուգանք` 30․000 – 50․000 դրամի չափով:
2. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը` առաջացնում է տուգանք` 50․000 – 60․000 դրամի չափով: Իսկ նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանք 70․000 – 100․000 դրամի չափով:
3. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը` առաջացնում է տուգանք` 20․000 – 30․000 դրամի չափով:
47.19-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելն առաջացնում է տուգանք` 150․000 – 200․000 դրամի չափով: Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանք` 250․000 – 300․000 դրամի չափով:
47.20-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան` պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը` առաջացնում է տուգանք` 10․000 – 20․000 դրամի չափով: Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`առաջացնում է տուգանք` 50․000 – 70․000 դրամի չափով:
47.21-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման պահանջները չկատարելը կամ խախտելը առաջացնում է տուգանք` 1․000․000-1․500․000 դրամի չափով։ Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանք` 1․600․000-1․800․000 դրամի չափով։
47.22-րդ հոդվածի համաձայն․
- հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը` առաջացնում է տուգանք` 100․000 – 150․000 դրամի չափով։
- Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը` առաջացնում է տուգանք` 80․000 – 100․000 դրամի չափով։
- Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի պաշտոնական ինտերնետային կայքէջում ծառայությունների կամ գնացուցակի կամ բուժանձնակազմի վերաբերյալ տվյալների կամ մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ հետադարձ կապի հնարավորության բացակայությունը` առաջացնում է տուգանք` 50․000 – 60․000 դրամի չափով։
Այս արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանք` 200․000 – 300․000 դրամի չափով։
47.23-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի (ինչպես նաև մահացած անձի) վերաբերյալ ոստիկանություն հաղորդում չներկայացնելը կամ դրա ներկայացնելու կարգը խախտելը` առաջացնում է տուգանք` 150․000 – 200․000 դրամի չափով։ Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանք` 250․000 – 350․000 դրամի չափով։
47.24-րդ հոդվածի համաձայն․
- բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով օրենքի համաձայն արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը` բուժաշխատողի համար առաջացնում է տուգանք` 150․000 – 200․000 դրամի չափով։
- Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք` 250․000 – 300․000 դրամի չափով։
Արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանք՝ 350․000 – 400․000 դրամի չափով։
47.25-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում սահմանված պահանջները խախտելը` առաջացնում է տուգանք` 100․000 – 1․000․000 դրամի չափով։
47.26-րդ հոդվածի համաձայն՝ առանց օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության` օտարերկրացի բուժաշխատողի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք` 450․000 – 500․000 դրամի չափով։ Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանք` 700․000 – 800․000 դրամի չափով։