Փաստահավաք հանձնաժողովի անդամները անկախ են լինելու գործող իշխանությունից․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքը և հարակից օրենքների փաթեթը։

Նախագծերով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 27-ին, նախարար Ռուստամ Բադասյանը նոր մանրամասներ է ներկայացրել։

1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային և քաղաքական կոռուպցիայի երևույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում: Նշված է նախագծի հիմնավորման մեջ։

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետևանք էին այս երևույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու և ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու, որպեսզի բացառվի հետագայում որևէ իրավիճակում նման երևույթների կրկնությունը:

Ըստ այդմ, 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել է անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք է Փաստահավաք հանձնաժողովը՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաև՝ հաշտեցման հանձնաժողովը:

Հանձնաժողովների հիմնական խնդիրներն են`

– փաստերի պարզումը և պարզաբանումը,

– տուժողների իրավունքների պաշտպանությունը, ճանաչումը, վերականգնումը,

– դրական սոցիալ-քաղաքական փոփոխությունների իրականացումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել