Դիմումի հիման վրա կենսաթոշակը կվճարվի անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե լրացել է կենսաթոշակառուի 75 տարին. նախագիծ

Այսօր Ազգային ժողովում  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախատեսվում է, որ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը կվճարվի անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային կվճարվի կանխիկ եղանակով:

Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը կվճարվի նախկին կենսաթոշակառուի կամ այդ գումարը օրենքով ստանալու իրավունքն ունեցող այլ անձի դիմումի հիման վրա, անկանխիկ եղանակով (բացառությամբ այն դեպքի, երբ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային):

Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակը նշանակվել է.

1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը,

2) այլ քաղաքներում (բացառությամբ` սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը,

3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հունվարի 1-ը,

4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում մինչև 2023 թվականի  հունվարի 1-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել