Համաճարակաբանական կանոնները խախտողների անունները հրապարակվելու են․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ քիչ առաջ ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը։

Նա նշել է, որ խստագույն հսկողություն է սահմանվելու հիմնարկ ձեռնարկությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների վրա։

«Մենք այստեղ և պատժողական քաղաքականություն ենք վարելու և փորձելու ենք մարդկանց բացատրել, որ պահեն անվտանգության կանոնները։ Շատերը անլուրջ են վերաբերում, սակայն սա ինձ համար գաղափարախոսական հարց է։ Մարդկանց գիտակցության հետ աշխատելը իմ իմացած ամենախորքային մեթոդն է։ Մենք կնախընտրենք ամեն անգամ մարդկանց բացատրել. իրականության փոփոխության գործիքը անհատի փոփոխությունն է։ Կորոնավիրուսային իրավիճակի փոփոխության գործիքը անհատական վարքագծի փոփոխությունն է։ Մեր թիվ 1 գործիքը մնում է անհատական վարքագծի փոփոխության գործիքը, և ես անձամբ այդ ուղերձով եմ դիմում մեր քաղաքացիներին։ Բայց վարչական լծակներ նույնպես գործադրվելու են»,-նշում է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այն սրաճարանները, բանկերը, արտադրությունները, վարսավիրանոցները, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, դաժան ձևով փակվելու են․ «Հրահանգ եմ տվել, որ նրանք, որոնք կրկնակի խախտումներ են անում, չբավարարվել 24 ժամով փակելով, պետք լինի՝ 1 ամսով կփակվեն, 15 օրով և այլն։ Այսինքն՝ երկար ժամկետներով։ Բացի այդ՝ իրավախախտների անունները հրապարակվելու են, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ վարսավիրանոց, այդ ռեստորան, այդ սրճարան գնալը անվտանգ չի համաճարակաբանական առումով»,-նշում է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել