Բացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ առ այն, որ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչը, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորումը և վարումը ապահովելու համար, արխիվային տեղեկանքներ տրամադրելիս մի շարք քաղաքացիներից, նրանց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ աշխատանքային կենսաթոշակի առավել բարձր գումարի չափն ապահովելու նպատակով, իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ օրենքի պահանջները դիտավորությամբ խախտելու, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու, դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելու համար, մի շարք ՀՀ քաղաքացիներից որպես կաշառք պահանջել է 60.000-ից 200.000 ՀՀ դրամ, առանձին դեպքերում սակարկումներից հետո նվազեցրել պահանջվող գումարը։

Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից։

Անհերքելի ապացույցների առկայության պարագայում, ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, հիշյալ պաշտոնյան հերթական անգամ իր աշխատասենյակում կաշառք ստանալուց հետո առձեռն բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, կաշառք տվող և ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել