Սահմանվել են պետական կառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոնները

Մայիսի 17–ին ժամը 23։59–ից պարետի ուժի մեջ մտնող որոշմամբ սահմանվել են պետական կառավարման եվ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոնները։

«1. Ընդհանուր կանոններ

1) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:

2) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարները սահմանում են այն աշխատակիցների ցանկը, որոնց աշխատանքը հնարավոր է կազմակերպել հեռավար եղանակով՝ ապահովելով վերջիններիս աշխատանքի իրականացումը տնից։

3) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները մարմնի գրասենյակային տարածքներում ապահովում են սույն որոշման Հավելված N 4-ով սահմանված` «Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման» պահանջները, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ մարմնի նկատմամբ։

4) Մարմնի ղեկավարները բոլոր աշխատակիցներին մարմինների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ քաղաքացիների սպասարկում իրականացնող անձնակազմի դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով:

5) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ապահովում են աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված իրազեկման թերթիկի:

6) Առցանց ծառայությունների առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները միջոցներ են ձեռնարկում դրանք հնարավորինս էլեկտրոնային եղանակով մատուցելու համար՝ զուգահեռաբար իրականացնելով դրանց վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ:

2. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակներում քաղաքացիների սպասարկման կանոններ 1) Մարմնի ղեկավարի ցուցմամբ ապահովվում է անձնակազմի հնարավոր նվազագույն ներգրավվածություն և շփում քաղաքացիների հետ:

2) Հնարավորության դեպքում անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների ընդունելություն՝ ըստ նախնական էլեկտրոնային կամ հեռախոսային հերթագրման։

3) Հնարավորության դեպքում կենսաթոշակային տարիքի անձանց պետք է սպասարկել առանձին՝ բացառելով շփումը այլ անձանց հետ։

4) Սպասարկման գրասենյակներում անհրաժեշտ է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.

5) 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող սպասարկման գրասենյակներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող սպասարկման գրասենյակնում` միաժամանակ առավելագույնը 2 այցելուի ներկայություն.

6) Վճարման տերմինալների, սպասարկման տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ անհրաժեշտ է իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

7) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց պաշտպանիչ դիմակների:

8) Քաղաքացիների հետ շփում ունեցող աշխատակիցներին մարմիններն ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով:

9) Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:

10) Անհրաժեշտ է ապահովել վճարման տերմինալների ախտահանումը օրական առնվազն 4 անգամ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել