Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է շահառուներին։

Այս մասին տեղեկացնում են Միգրացիոն ծսռայությունից։

2019 թ-ի նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշումները։

Այդպիսով, Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես, ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման աշխատանքները, հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը, տարանջատվել են ըստ առաջնահերթության: ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն առաջնորդվել է ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա- Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), և ընդգրկել է մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:

Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են:

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել