Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով մեղադրանք է առաջադրվել 23 անձի, հայտնաբերվել է դեպքին մասնակից անձանց ավտոմեքենաներից 10-ը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 23 անձի, 4-ի վերաբերյալ որոշում է կայացվել նրանց ձերբակալելու մասին: Նրանցից 1-ին  մեղադրանք է առաջադրվել՝ 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առերևույթ սպանության փորձերի համար: Վերջինս կալանավորվել է:

Բացի այդ, մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են միջադեպին և  փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, որոնք խուզարկվել են և դրանցով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հայտնաբերվել է նաև դեպքի ժամանակ նշված անձանց մոտ գտնված զենքերից 2-ը, որոնցով ևս փորձաքննություններ են նշանակվել:

Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննության կատարումը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել