Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստին որոշում կընդունի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին:
Որոշման հիմնավորման մեջ նշբվում է, որ Երևանի ենթակայության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ընկերության ֆինանսավորման միակ աղբյուրը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ստացվող ֆինանսավորումն է, քանի որ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, հետագա բուժումը և շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում: Ընկերության կողմից վճարովի հիմունքներով ծառայություններ չեն մատուցվում:
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 3176-Ա հրամանով ստեղծված՝ 2020 թվականին բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող հանձնաժողովի 28.11.2019թ. հ.2.2 որոշման՝ Երևանի ենթակայության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2020 թվականի պետական պատվերի տեղադրման հայտը մերժվել է՝ հիմք ընդունելով առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի հ.49-Ն հրամանով հաստատված բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգի 6-րդ հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը, այն է՝ հանձնաժողովի կարծիքով բացակայում է հայտատուի մոտ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով պետական պատվեր տեղադրելու հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը:
Հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող արտահիվանդանոցային գործունեության հիմնական ուղղությունները՝ Երևանի քաղաքապետի 02.01.2020թ. հ.01/10-7 գրությամբ դիմել ենք առողջապահության նախարարին՝ ընկերությանը արտահիվանդանոցային ծառայության գծով պետական պատվեր տրամադրելու առաջարկությամբ՝ մինչև Երևան քաղաքի ավագանու կողմից ընկերության հետագա գործունեության հարցի կարգավորումը: Համաձայն առողջապահության նախարարի 25.02.2020թ. հ.ԼՔ/ՊԳ/3373-20 գրության՝ առաջարկը մերժվել է այն հիմնավորմամբ, որ առողջապահության նախարարությունը Երևան քաղաքում արտահիվանդանոցային տուբերկուլյոզային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար արդեն իսկ 9 պոլիկլինիկաների հատկացրել է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և նեղ մասնագիտական խորհրդատվության համար նախատեսված ֆինանսական միջոցներ:
Ընկերության բժշկական անձնակազմի և վարչատնտեսական անձնակազմի որոշ աշխատակիցների հետ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով լուծվել են աշխատանքային պայմանագրերը: Ներկայումս ընկերությունում ընթացիկ աշխատանքները համակարգելու համար աշխատում է 12 ֆիզիկական անձ, որոնց հունվար և փետրվար ամիսների աշխատավարձը վճարվել է ընկերության ազատ դրամական միջոցների հաշվին:
Հաշվի առնելով, որ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, հետագա բուժումը և շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում և բնակչությանը մատուցվում է բացառապես անվճար հիմունքներով, ուստի առանց պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարման շրջանակներում տրամադրվող ֆինանսավորման ընկերության հետագա գործունեությունը անիրատեսական է և ոչ նպատակահարմար: