ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ դա վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև կողմերի` ուշադրության արժանի շահերը:
Իսկ ի՞նչ պետք է հասկանալ օրենսդրի նշած` ուշադրության արժանի շահեր բառակապակցության տակ:
«Դատարանը, ալիմենտի չափը փոփոխելիս` նվազեցնելիս կամ ավելացնելիս, հաշվի է առնում կողմերի գույքային և ընտանեկան դրությունը, օրինակ, եթե նախկինում ալիմենտ վճարող անձի աշխատվարձի չափն ավելի մեծ է եղել, իսկ հայցը ներկայացնելու պահին պակասել է կամ ալիմենտ վճարող անձը նորից է ամուսնացել և նրա խնամքին կա նաև այլ երեխա, ապա դատարանը կարող է պակասեցնել նախկինում նշանակված ալիմենտի չափը և հակառակը` ավելացնել ալիմենտի չափը, եթե աշխատավարձի չափն ավելացել է կամ անձն ունի այլ եկամուտներ»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net