Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում 6 անձ է ձերբակալվել՝ արտակարգ դրության կարգը խախտելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Ըստ ներքին գործերի նախարարության պարզաբանման՝ ոստիկանները հայտնվել են բնակելի շենքերից մեկի բակում, այստեղ մի խումբ մարդիկ են եղել, որոնց հորդորել են պահպանել երկրում արտակարգ դրության կարգն ու դրա պահանջները: Քաղաքացիները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, քիչ անց դրությունը սրվել է, առճակատում է սկսվել:
Ոստիկանությունը 2 անձի է ձերբակալել, Վրաստանի քրեական օրենսգրքի 353 հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից դիմադրություն, սպառնալիք կամ բռնություն՝ իրավապահ անձի, կամ իշխանության այլ ներկայացուցչի նկատմամբ, ինչը պատժվում է 4-7 տարվա ազատազրկմամբ:
Եվս 4 մարդ բերման է ենթարկվել վարչական օրենսգրքի 173 հոդվածով՝ իրավապահ մարմինների պահանջներին չենթարկվելը: Նրանք ստիպված կլինեն 1000-ից 4000 լարի ( 320-ից 1250 դոլար) վճարել՝ 15 օրվա ընթացքում: Ականատեսները նկարահանել են տղամարդկանց ձերբակալելու պահը, տեսանյութում, որտեղ երևում է, որ նրանք դիմադրում են` հրաժարվելով նստել ոստիկանական մեքենան: