Սերժ Սարգսյանն ասաց, որ մինչեւ 2050 թվականն իր կողմից այսօրվա տեղեկատվությունը չի հանրայնացվի. Անդրանիկ Քոչարյան

2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ հետախուզության գործողությունների հետ կապված եղել են որոշակի թերացումներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, փոխանցում է News.am-ը։

Լրագրողի դիտարկմանը, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էին, թե այդպիսի թերացումներ չեն եղել, Քոչարյանն ասաց. «Մեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամը տիրապետում է այդ տեղեկատվությանը ենթադրում եմ՝ ամբողջ ծավալով։ Եթե ծավալի մեջ փոփոխություն կա, ապա մենք կաշխատենք այդ բացթողումները գտնել»։

Անդրադառնալով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է համագործակցել քննիչ հանձնաժողովի հետ, սակայն հրավեր չի ստացել, Քոչարյանն ասաց. «Բակո Սահակյանն ինքն է ցանկություն հայտնել օր առաջ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ Ես միշտ ասել եմ՝ չի լինելու Հայաստանում որեւէ մեկը, որը ցանկություն չունենա հանձնաժողովի աշխատանքները դարձնի լիարժեք եւ ամբողջական։ Պարոն Սահակյանը՝ Արցախի գործող նախագահը, ունի ցանկություն, բացի Բակո Սահակյանից Արցախում էլի կան պաշտոնյաներ, որոնք ցանկություն են հայտնել՝ անպայման մասնակցելու։ Երբ այդ ամբողջությունը կդառնա իրոք ամբողջական, Խաչատուրովը նույնպես անպայման կցանկանա ամբողջացնել»։

Քոչարյանը հայտնեց, որ քննիչ հանձնաժողով հրավիրվողների ցանկը մեծ չէ։

Լրագրողի դիտարկմանը, թե Անդրանիկ Քոչարյանը սովորաբար բոլոր հրավիրվածներին ճանապարհում է, իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին չճանապարհեց եւ հարցին՝ ինչո՞վ էր դա պայմանավորված, Քոչարյանը պատասխանեց.

«Դուք տեսաք՝ ինչպիսի մթնոլորտ էր ներսում։ Դուք սպասում էիք ձայնե՞ր, լարվածությո՞ւն, սակայն տեսաք՝ 5 ժամ, տեւական աշխատանքից հետո, գուցե հոգնած ենք, բայց կատարել ենք կարեւոր աշխատանք։ Սենսացիան դրա մեջ չի, եւ սենսացիա փնտրել պետք չի»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին մասնակցելը խոսեց այն մասին, որ Հայաստանը պառլամենտական երկիր է, եւ ՀՀ-ում կա լեգիտիմ իշխանություն. «Այդ իշխանությունը ձեւավորել է գործադիր իշխանություն եւ անկախ ցանկություններից պետք է հաշվի նստել այդ իրողության հետ, եւ Սերժ Սարգսյանն իր մասնակցությամբ՝ հաշվի նստեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ Կարեւորելով քննիչ հանձնաժողովի աշխատանքները՝ այնտեղ կան մարդկային կյանքեր, կան հարցականներ՝ անկախ կորոնավիրուսի զբաղեցրած դիրքից, այս խնդիրը պետք է լուծենք։ Քանի որ մեր մանդատն անսահման չէ, մենք պետք է այս պայմաններում իրացնենք մեզ տրված մանդատի ժամակային տիրույթը։

Մենք մաքսիմալ ակնկալել ենք, որ մեզ մոտ հրավիրվածները լինեն մաքսիմալ անկեղծ։ Այնպես չի, որ բոլորը եկել ու անկեղծ ասել են։ Մեր հարցաշարերի ամբողջ իմաստը այն է, որ հարցերի մեջ կարողանում է նաեւ բացահայտել իրողություններ։ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը կլինի մաքսիմալ անկեղծ, հիմա անկեղծության գնահատականն ո՞վ է որոշելու՝ ներկայացված մեր ձեռքի տակ եղած փաստերի եւ Սարգսյանի՝ մեզ տրամադրած տեղեկատվության համադրման արդյունքում»։

Հարցին՝ արդյոք «ծա՞նր» քննարկում անցավ, Քոչարյանն ասաց.

«Ծանր ասելով դուք ի՞նչ եք պատկերացնում։ Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է ՀՀ նախագահի պաշտոնում, դրանից առաջ եղել է ուժային կառույցների ղեկավար։ Վերջին հաշվով Սերժ Սարգսյանը տիրապետում է այս ամենին, ինչը մեզ հետաքրքրում էր»։

Հարցին՝ արդյոք նոր բացահայտումների հանգեցրե՞ց Սերժ Սարգսյանի այցելությունը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինչ-որ չափով՝ այո։

«Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված էր եկել։ Նա մինչեւ մեր աշխատանքի սկսվելը ներածական խոսքով հանդես եկավ, որը կկցվի մեր եզրակացությանը, նա կարեւորեց այդ ներածական խոսքը, որի հնարավորությունը մենք տվեցինք»,- ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի 2020 թվականի հունիսի 4-ին. «Ժամկետ երկարացնելու հնարավորություն չկա։ Լավ կլիներ, որ այսպիսի ծավալուն աշխատանք կատարեին այն ժամանակվա իշխանությունները, ոչ թե վերլուծությունների ընդամենը մեկ փաստաթուղթ կազմելուց հետո աշխատանքն ավարտած համարեին։ Սա այն արխիվային նյութն է, որը միշտ տալու է հնարավորություն՝ հասկանալու ապրիլին մեր բացթողումները»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին տեսաձայնագրությունների տրամադրմանը՝ Քոչարյանն ասաց, որ օրեր անց այն կտրամադրվի Սարգսյանին.

«Նիստի ավարտին քննարկեցինք նաեւ տեխնիկական այդ խնդիրը, եւ պարոն Սարգսյանը համոզված է, որ ամեն մեկս մեր տված խոսքը պահելու ենք։ Պարոն Սարգսյանն ասաց, որ մինչեւ 2050 թվականն իր կողմից այսօրվա աշխատանքի այս տեղեկատվությունը չի հանրայնացնի, որովհետեւ չի կարելի։ Օրեր անց անպայման կտրամադվի տեսաձայնագրությունները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել