2020 թվականի ապրիլի 9-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Կուալա Լումպուրի հանրահայտ սկզբունքները և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ-ի փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։
Դասընթացի շրջանակներում դասախոսը ներկայացրեց Կուալա Լումպուրի հանրահայտ սկզբունքները և դրանց բովանդակությունը։ Նա նշեց հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, բովանդակության հիմնավորման և ռազմավարությունների մոնիթորինգի և գնահատման գործընթացում Կուալա Լումպուրի սկզբունքների հիմնաքարային դերը։
Խոսելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի մասին՝ դասախոսը նշեց, թե որքանով է այն համապատասխանում վերոնշյալ սկզբունքներին։
Դասընթացի շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ կառավարության մեթոդական հրահանգին, որոնց կիրառումը նույնպես կարևոր է ռազմավարությունների մշակման փուլում։
Դասընթացի ավարտին ունկնդիրներին հանձնարարվեց հերթական առաջադրանքը։