Կառավարությունը ապրիլի 9-ի նիստին որոշում ընդունեց «Հենակետ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հենակետ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 19.04.2001 թվականի թիվ 331 որոշմամբ՝ 127726935 ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով, որի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Ընկերության կանոնադրությունը գրանցվել է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում 04.01.2001թ. (գրանցման համար՝ 282.120.04138, վկայական՝ թիվ 03Ա-051493), ՀՎՀՀ 00849724:
Ըստ կանոնադրության, ընկերության գործունեության հիմնական տեսակներն են՝
- պոլիգրաֆիական, հրատարակչական և պատճենահանման գործունեություն,
- պոլիգրաֆիական և հրատարակչական արտադրանքի առևտուր,
- պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր,
- ոչ պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր,
- առևտրական միջնորդական գործունեություն,
- կնիքների և դրոշմակնիքների արտադրություն,
- շքանշանների, մեդալների և կրծքանշանների արտադրություն:
2019 թվականին իրականացված աուդիտի ժամանակահատվածում (01.01.2019-31.10.2019թթ.) Ընկերության փաստացի իրականացրած գործունեության հիմնական տեսակներն են՝
- պոլիգրաֆիական և պատճենահանման գործունեություն,
- առևտրական միջնորդական գործունեություն:
ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ 31.10.2019թ. դրությամբ Ընկերության պարտքը կազմել է 81955.1 հազար դրամ (ՀՀ ՊՆ և Ընկերության միջև 01.10.2001թ. կնքված թիվ 10-1 պայմանագրի համաձայն հաշվառվում է որպես երկարաժամկետ ֆինանսական պարտավորության մնացորդային գումար), որից տարեկան պետք է մարվեր ոչ պակաս քան 3000 հազար դրամ, ինչը չի կատարվել:
Ընկերությունը կնքել է պաշտպանության նախարարության կարիքների համար ծառայությունների մատուցման վեց պետական գնման 31229.5 հազար դրամի պայմանագրեր և համաձայնագրեր: 31.10.2019թ. դրությամբ ՊՆ-ը մատուցվել է 24526.5 հազար դրամի ծառայություն, որի գումարը փոխանցվել է Ընկերության հաշվին:
Ընկերությունը տպագրական աշխատանքների կատարման համար կնքել է գնման 7695.0 հազար դրամի պայմանագիր «02 շաբաթաթերթ» ՓԲԸ-ի հետ: 31.10.2019թ. դրությամբ կատարել է 7343.0 հազար դրամի աշխատանք, որի գումարը փոխանցվել է Ընկերության հաշվին:
Ընկերությունն ունի նաև կնքված տարածքների վարձակալության պայմանագրեր թվով 3 այլ տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնց վարձակալությունից Ընկերության հաշվին փոխանցվել է 3159.8 հազար դրամ:
Ընկերությունը բյուջեի և աշխատավարձի գծով պարտավորություններ չունի:
Ընկերությունը ստեղծման օրվանից ՀՀ ՊՆ պատվերով կատարել է Նախարարության և զինված ուժերի կարիքների համար նախատեսված մատյանների, բլանկների, մեթոդական ուղեցույցների, մասնագիտական գրքերի, կանոնագրքերի տպագրական աշխատանքներ, սակայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրակումից հետո Ընկերության ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները կտրուկ նվազել են, քանի որ ՀՀ ՊՆ կարիքների համար անհրաժեշտ պոլիգրաֆիական և հրատարակչական ծառայությունների ձեռքբերումն իրականցվում է հիշյալ օրենքի կարգավորումների շրջանակում, իսկ Ընկերության ունեցած տեխնիկական հագեցվածությունը չի համապատասխանում արդի տեխնոլոգիական պահանջներին, սարքավորումները հնամաշ են և չեն կարող ապահովել տարեկան 70-100 միլիոն դրամի չափով պատվերներ, որպեսզի ապահովվի ընկերության բնականոն գործունեությունը և հնարավոր լինի մարելու նաև 2001թ. Թիվ 10-1 պայմանագրով ՀՀ ՊՆ կողմից ընկերությանը փոխանցված 108.675.352.86 փոխառության գումարից 81.955.352 ՀՀ դրամ գումարի մնացորդը, կպահանջվեն զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է:
Հաշվի առնելով, որ Ընկերության ֆինանսական ցուցանիշները կայուն չեն, գնալով ունեն նվազման միտում, որի հետևանքով կարող են առաջ գալ ֆինանսական պարտավորություններ, չի մարվում ՊՆ նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունը, ուստի «Հենակետ» ՓԲ ընկերությունը լուծարելու նախաձեռնությունը պայմանավորված է նշված հանգամանքներով :