Կառավարությունն ապրիլի 9-ի նիստին որոշում ընդունեց ստեղծելու «Լեռնային Հայաստան հանգստյան տուն-առողջարան» պետական հիմնարկը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի ապահովումը հանդիսանում է պաշտպանական գերատեսչության կարևորագույն խնդիրներից մեկը։ Միաժամանակ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով:
Այս համատեքստում կարևորվում է հանգստյան տան ստեղծումը, որը պետք է իրականացնի նաև ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժմանն ուղղված գործունեություն, ինչն իրենից ներկայացնում է մասնագիտացված բժշկական օգնության տեսակ, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` էլեկտրաբուժում, լուսաբուժում, բալնեոլոգիական, ցեխաբուժություն, ռեֆլեքսաթերապևտիկ, բուժական մերսում:
Արդյունքում ստեղծվում է ՀՀ ՊՆ «Լեռնային Հայաստան հանգստյան տուն», որի միջոցով հնարավոր կլինի.
- Ապահովել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներi, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց հանգստի, ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական բուժօգնության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
- լիազոր մարմնի սահմանած բժշկական օգնության և սպասարկման որակի չափորոշիչներին համապատասխան ծառայությունների մատուցում: