Այս գործիքակազմի կիրառման արդյունքում հնարավոր կլինի լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով հայտնաբերել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ի լրումն նախորդ պարզաբանմանս՝ տեղեկացնեմ, որ զանգերը ֆիքսելու փաստը կարևոր է, քանի որ, եթե ֆիքսվեն վարակակրի զանգերը վերջին 14 օրվա ընթացքում (բովանդակությունը հասանելի չի լինելու) և դրանք համադրվեն տեղորոշման հետ, համաճարակի դեմ պայքարի հարցում այս տեղեկությունը չափազանց կարևոր և արդյունավետ կլինի։ Օրինակ՝ վարակակիրը խոսել է 10 անձի հետ, 10-ից հինգի հետ նաև պարբերաբար նույն տեղանքում է եղել։

Սա նշանակում է, որ այդ 5 անձինք, մեծ հավանականությամբ, շփվել են վարակակրի հետ։ Այս գործիքակազմի կիրառման արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերջիններիս նկատմամբ, լրացուցիչ ստուգողական գործողություն կատարելով (օրինակ զանգի միջոցով) հայտնաբերել, անհրաժեշտության դեպքում մեկուսացնել և թույլ չտալ նշված անձանց շփումը այլ քաղաքացիների հետ (կստուգվեն նաև այդ հինգ անձանց կոնտակտները և այդպես շարունակ)։

Մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի։

Կարծում եմ՝ մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարևոր արժեքներն են, և համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ իրականացվող նման միջամտությունը ամբողջությամբ համաչափ է։

Սա չի նշանակում, թե 100 %-ով կկարողանանք վերահսկել իրավիճակը, բայց ավելի թիրախային կդարձնենք մեր գործողությունները և մյուս սահմանափակումների հետ միասին ի զորու կլինենք փրկել կյանքեր։ Նման գործիքների կիրառումն արդյունավետ է եղել Չինաստանում, Հարավային Կորեայում, Իսրայելում։ Տեղեկացնեմ նաև, որ Եվրոպական միության երկրներում ներկայում որոշ գործիքներ արդեն իսկ կիրառվում են և այժմ էլ քննարկվում է ավելի լայն սահմանափակումներ կիրառման հարցը՝ հիմք ընդունելով նշածս երկրների օրինակները։

Հ․Գ․ Վստահ եմ՝ նման գործիքների մշակմամբ զբաղվող մասնագետներն ավելի մանրամասն կներկայացնեն գործիքների արդյունավետությունը»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել