Այսօր` փետրվարի 22-ին ժ. 17.00-ին, Ազատության հրապարակում ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է հանրահավաքի:
«Հայաստանի չորրորդ նախագահի հետ ՄԻԱՍԻՆ ցտեսություն ասենք Սերժ Սարգսյանին, հանձնենք իշխանությունը ժողովրդին եւ կայացնե´նք Հայաստանի չորրորդ Հանրապետությունը»,- հայտնում է Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Տեղեկացնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանը մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի փետրվարի 20-ին ներկայացրած դիմումը: Վերջինս դիմումով խնդրել էր թույլատրել փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին ժամը 15.00-19.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնել:
Փետրվարի 21-ին, ժամը 11.00-ին Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից իրազեկման հեղինակը հրավիրվել է քաղաքապետարան և, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, ետ են վերադարձվել դիմումները, քանի որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն «Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ»։ Տվյալ դեպքում իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։
Աղբյուրը` Իրավաբան.net