Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրող որոշ տնտեսվարողների կողմից խախտումներ են թույլ տրվում՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից սկսվել են ալկոգելի շուկայի լայնածավալ ստուգումներ:
«Ալկոգելի դաշտը բաց դաշտ էր և տեսչական որևէ մարմնի կողմից չէր վերահսկվում: Քանի որ ոչ մի ստուագթերթի մեջ նշված չէր ալկոգելի ԱՏԳԱԱ (արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկ) ծածկագիրը, մենք դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալու ոլորտում ստուգումներ իրականացնելու համար, նա թույլ տվեց ու մենք արագ ավելացում կատարեցինք մեր ստուգաթերթերում: Այսօրվանից ստուգումները բացվեցին»,-նշեց նա:
Արմեն Կոտոլյանի խոսքով, լրատվամիջոցներում այս մասին ևս հրապարակումներ են եղել: Նա նշեց նաև, որ կախված խախտման տեսակից՝ 100 հազարից 300 հազար դրամ տուգանք է նախատեսվում: «Պետք էր հսկողության տակ պահել դաշտը: Եթե սերտիֆիկատների խախտումներ լինեն՝ առավելագույնս խիստ ենք լինելու, որովհետև այս իրավիճակից որևէ մեկը չպետք է օգտվի ու գումար աշխատի՝ մնացած քաղաքացիների առողջության հաշվին»,-ասաց Արմեն Կոտոլյանը:
Հիշեցնենք, որ խախտում արձանագրել էր նաև Իրավաբան.net–ը: Հրապարակվել է, կայքի թղթակիցը մարտի 13-ին Պուշկինի 1/19 հասցեում գտնվող «Վիտաֆարմ» դեղատնից գնելով երկու տարրա՝ 1 լիտր տարողությամբ Sanitelle անտիսեպտիկը, նկատել է, որ տարրայի վրա՝ ժամկետի հատվածում, նոր պիտակ է ավելացվել ժամկետի նոր ամսաթվով՝ 16․12․19, պիտակի տակ, տուփի վրա նշված է՝ 16․12․13 ։
Ալիսա Չիլինգարյան