Որքա՞ն կտուգանվեք առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 128-րդ հոդվածը սահմանում է, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25 հազար դրամի չափով։

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:

Լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտում կատարած անձին իրազեկում է վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից կամ վարչական տույժը կատարելու պարտականությունից ազատվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ:

Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 10 հազար դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 հազար դրամի չափով:

Այլ փաստաթղթեր ասելով պետք է հասկանալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաև բժշկական տեղեկանքը և այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:

Անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

Անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել