Փոփոխություններ՝ տաքսիների լիցենզիայի ստացման կարգում․ նոր նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել  կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման մեջ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը։

Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ Կազմակերպության կողմից իրականացվող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ՝ ներդիր)։

Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանվել են ներդիր ստանալու համար կազմակերպության կողմից ներկայացվող փաստաթղթերը, որոնք ներկայացվում են պատճեն տարբերակով։

Նշված փաստաթղթերը ներկայացվում են լիցենզավորող հանձնաժողովին, որը անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում պատրաստում է լիցենզիա և (կամ) ներդիր և հանձնում է կազմակերպությանը:

Արդյունքում հայտատուն ներկայացնում է միայն փաստաթղթի պատճենները, և լիցենզավորող հանձնաժողովը հնարավորություն չի ունենում պարզելու փաստաթղթերի իսկությունը և դրանք համադրելու բնօրինակների հետ։

Նախագծով նախատեսվում է Որոշման հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11․1 կետ, որով հայտատուն Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնելու է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից որոշման 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվելու են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ վերադարձվելու են հայտատուին»։

Միաժամանակ նախատեսվում է Որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել հայտարարություններում նշված տեղեկության հավաստիությունը» բառերը՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել