Քննարկենք հետևյալ հարցը` արդյո՞ք խնամակալը կարող է կնքել իր խնամարկյալի, իսկ մասնավորապես` անգործունակ ճանաչված անձի գույքի նվիրատվության պայմանագիր:
Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության` խնամակալն իրավունք չունի կնքել, իսկ հոգաբարձուն` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, բաժանել նրա գույքը կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաև խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարք:
Իսկ նույն օրենսգրքի 598-րդ հոդվածի համաձայն` արգելվում է մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը:
Նշենք, որ օրինական ներկայացուցիչների թվին են պատկանում նաև խնամակալները:
Ակնհայտ է, որ Քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ երկու հոդվածները տարբեր կերպ են սահմանում խնամակալի կողմից անգործունակ ճանաչված անձի գույքի նվիրատվության պայմանագիր կնքելու կարգը:
Մի դեպքում սահմանվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության պահանջ, իսկ մյուս հոդվածը իմպերատիվ ձևով ամրագրում է անգործունակ ճանաչվածի անունից խնամակալի կողմից նվիրատվության պայմանագիր կնքելու արգելք:
Կարծում եմ, վերոնշյալ հոդվածների միջև առկա հակասությունն անհրաժեշտ է վերացնել օրենդրական փոփոխությունների միջոցով: Քանի որ նախ միանշանակ չէ օրենսդրի մոտեցումը այս հարցի կարգավորմանը, և իրավակիրառողները անհարկի դժվարությունների առջև են կանգնում: Երկրորդ` Օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված կարգը ռիսկեր է պարունակում, քանի որ պարզ չէ, թե որ դեպքերում և ինչ հիմքերով է խնամակալության և հոգաբարձության մարմինը համաձայնություն տալու գույքի նվիրատվության համար: Իսկ 598-րդ հոդվածը տրամաբանական է` պաշտպանում է խնամարկյալի իրավունքները և օրինական շահերը:
Իմ կարծիքով նշված հակասությունն անհրաժեշտ է լուծել օրենսգրքի 598-րդ հոդվածի «օգտին»:
Սերինե Խաչատրյան
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու
Աղբյուրը` Իրավաբան.net