Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ուսումնական հաստատությունների փակվելուց հետո սպասվող անելիքների մասին։
《Մանկավարժների վարձատվությունը պահպանվելու է։ Բաց թողնված ծրագրերը կլրացվեն հավելյալ պարապմունքների միջոցով, քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Մենք հիմա վերջին կարգավորումներն ենք անում, պատրաստում ենք, որ ուղարկենք դպրոցներ, բուհեր։ Կոչ ենք անում նաև նույն գործողությունները իրականացնել մասնավոր ուսումնական հաստատություններում》,-նշեց նախարարը։
Նա նաև հավելեց, որ այս ընթացքում կխրախուսվի հեռավար ուսուցումը։
Նախարարի խոսքով, այս պահին ընդունված որոշման համաձայն դասընթացները դադարեցված են մինչև մարտի 23֊ը, իսկ փոփոխությունների դեպքում հավելյալ կտեղեկացնեն։