Ծեծված 13-ամյա երեխան մինչ այժմ այցելու չի ունեցել․ նախարարը այցելել է նրան ու նոր մանրամասներ է հայտնում

Քիչ առաջ այցելեցի Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխային, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել է մորը և պայքարում է կյանքի համար: Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Հերթապահ բժշկի խոսքով երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր են միացված, բայց շնչում է ինքնուրույն: Բժշկուհին վստահեցրեց, որ այս պահին որևէ հավելյալ միջոցի կարիք չկա: Իմ հարցին, թե ունե՞ն արդյոք հոգեբան, հավաստիացրեց, որ ունեն և հենց որ երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն:

Հիշեցնեմ, որ երեխան նախկինում չի հանդիսացել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ որևէ գիշերօթիկի հաստատության սան, բայց բուժանձնակազմը հաստատեց, որ մինչ այժմ այցելու չի ունեցել:

Նախարարությունը, ինչպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մյուս բոլոր երեխաների դեպքում, բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցությամբ կապահովի աղջկա խնամքի կազմակերպումը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:

Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել