Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, հաճախ, հայտնվում են հաստատություններում, որովհետև գնալու այլ տեղ չունեն. Զարուհի Բաթոյան

«Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու և այս քննարկումն իրականացնելու Ձեր պատրաստակամության համար: Չնայած, որ հաճախ ենք աշխատանքային հանդիպումներ ունենում, այս մեկը փոքր-ինչ տարբեր է, որովհետև Ձեզ հետ՝ որպես ռազմավարական գործընկերոջ, քննարկելու ենք շատ զգայուն հիմնախնդիր: Գիտեք, որ մեր քաղաքականությունը ներառական է և ուղղված խտրականության բոլոր դրսևորումների դեմ պայքարին։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ մեկուսացվում են՝ իրենց կամքին հակառակ և տվյալ հարցում աջակցությունը դժվար է տարբեր առումներով»,- այս մասին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը նշել է, որ այսօր նախարարության համակարգում գործող երկու հաստատություններում ապրում է հոգեկան առողջության խնդիր ունեցող շուրջ 600 մարդ: Մարդկանց մեծ խումբ խնամվում է նաև Առողջապահության նախարարության համակարգում գործող հիմնարկներում, սակայն նրանք, հաճախ, հայտնվում են հաստատություններում՝ չնայած այն հանգամանքին, որ բուժման մշտական կարիք չունեն. նրանք, պարզապես, գնալու այլ տեղ չունեն.

«Օրենսդրական բարեփոխումների և մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերին զուգահեռ, մենք ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, լուրջ պակաս ենք զգում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց անհրաժեշտ ծառայությունների մատուցման, նրանց ապաինստիտուցիոնալացման, ինչպես նաև՝ հանրային վերաբերմունքի փոփոխության համար, քանի որ շատ հաճախ այս մարդիկ զրկվում են իրենց քաղաքացիական իրավունքներից՝ անգործունակ ճանաչվելու և հարկադրաբար հաստատություններում հայտնվելու հետևանքով»,- ասել է նախարարը:

Զ. Բաթոյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված քայլերը՝ սկսած պաշտպանված բնակարանների ձեռքբերումից, մինչև փոքր տների մոդելի կիրառումը: Նախարարը նշել է, որ ձեռնարկվող քայլերն, իհարկե, կարևոր են, սակայն դրանք բավարար չեն համակարգային փոփոխությունների իրականացման համար:

«Սա լուրջ, համակարգային խնդիր է շատ երկրների համար, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մեկուսացնում են հասարակությունից՝ ապահովելով նրանց անվտանգ կեցությունը, սակայն զրկելով հասարակության հետ հարաբերվելու իրավունքից: Սա խնդիր է, որի հաղթահարումը սերտորեն կապված է նաև հասարակական կարծրատիպերի հաղթահարման հետ: Միևնույն ժամանակ, աշխարհում կան շատ հաջողված մոդելներ, որոնք կարելի է ուսումնասիրել և տեղայնացնել: Այս համատեքստում ես միշտ հպարտությամբ եմ նշում «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի օրինակը, որում աշխատում են Դաունի համախտանիշ ունեցող երիտասարդները և նրանց ծնողները»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նա նշել է, որ այս համատեքստում օրենսդրական լուրջ փոփոխությունների կարիք կա՝ սկսած հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքից, մինչև անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը:

Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել